Հասարակության առնվազն կեսը կունենա խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժ, որոնք միասին հավաքել են ընտրողների ձայների 43,5%-ը, Սահմանադրական դատարան են դիմել։ Սահմանադրական դատարան չդիմած առնվազն 4 ուժ էլ, որոնք հավաքել են ընդհանուր ավելի քան 2,5% ձայն, նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը։

Այս փաստը, որ ընտրություններին մասնակցած ուժերի մեծամասնությունը՝ անկախ իրենց միջև առկա բազմաթիվ հակասություններից, եկել է նույն եզրակացության, ցույց է տալիս, որ հրապարակված արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։

Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնի Սահմանադրական դատարանը, ինչ արձանագրումներ կանի, մեկ փաստ արդեն անժխտելի է․ հասարակության առնվազն կեսը կունենա և կունենա խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Այս իրավիճակը, որը ստեղծվել է ընտրությունների արդյունքների նկատմամբ լայնամասշտաբ կասկածների պատճառով, առաջացրել է վստահության ճգնաժամ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համալրել է նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ։

Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմության խնդիրները կավելի սուր են արտահայտվելու, ինչը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար։