Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը աշխատանքային այց է կատարել Լիբանան, որի շրջանակում հանդիպումներ է կատարել երկրի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Նախ, Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինը։ ՀՀ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Լիբանանին՝ հատկապես մարդասիրական հարցերի լուծման համատեքստում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացման և միջազգային կազմակերպություններում համատեղ գործունեության հեռանկարները։
Այնուհետև Վահան Կոստանյանը հանդիպել է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուկեի հետ։ Անտուան Շուկեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Լիբանանին շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։ Կոստանյանը, իր հերթին, բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակել աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավիճակի մեղմմանը։
Զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ և Լիբանանի նախագահների գրասենյակների միջև համագործակցության զարգացման հարցին՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային շրջանակների ստեղծման կարևորությունը։ Քննարկվել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ընդգծելով երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով քննարկումների շարունակման անհրաժեշտությունը։