Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում կազմակերպված ընտրություններ։
Ընտրական գործընթացի ողջ ընթացքում իշխող վարչախումբը գործել է առանց միջոցների մեջ խտրություն դնելու սկզբունքով՝ լայնորեն կիրառելով ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային ղեկավարների ներգրավմամբ։ Քարոզչական և վարչական բոլոր հնարավոր միջոցները ուղղված էին ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունը և ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։
Արդյունքում, առաջին անգամ ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու իրավունքից, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից՝ վարչական միջամտության հետևանքով։ Ընտրական խախտումների ծավալը և դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումները։ Ընտրական խախտումների վերացման պահանջը, որը քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետեւանք է թողնում, առաջացնում է հիմնավոր կասկածներ պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հարցումներով։
Այս խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես Սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։
Այս իրավիճակին զուգահեռ, նկատվում են արտաքին ուժի կենտրոնների և տարբեր դերակատարների բացահայտ միջամտություններ, որոնք լուրջ հարված են հասցրել Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։
Հակառակ բոլոր դժվարությունների, սահմանափակումների և խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացել է պատկառելի ընտրաքվե արձանագրել։ Թեև «պաշտոնապես» արձանագրված արդյունքները թույլ են տալիս իշխող իշխանություններին վերարտադրվել, դա ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է և կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաև նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։
Իշխող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը, ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։
Ստեղծված պայմաններում հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մատավարությամբ, նոր թափով և ուժգնությամբ։ Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար և աղետաբեր քաղաքականության կանխումն է, և այս առումով խիստ կարևոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված և համադրված աշխատանքը։ Հետևողական և աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։ Հայկական ինքնության պահպանումը, ազգային և արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ։