Հայաստանի ազգային անվտանգության հարցը՝ ադրբեջանցիների վերաբնակեցման ֆոնին

Իմ կարծիքով, հայկական իշխանությունների կողմից կատարված ամենահիմնարար սխալը հայերի Արցախ վերադարձի հարցը հավասարեցնելն է ադրբեջանցիների՝ Հայաստան վերաբնակեցման հետ։ Այս հավասարեցումը, որը սկսվել է իշխանությունների կողմից, իրականում դարձել է Ադրբեջանի պետական ծրագրի իրագործման կատալիզատորը՝ ուղղված Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխությանը։

Այս հարցը պետք է դուրս բերվի քաղաքական վեճերի շրջանակից, որտեղ այն դարձել է իշխանությունների և ընդդիմության միջև բախման առարկա։ Այս պահին մենք պետք է ակտիվորեն արձագանքենք ադրբեջանցիների խոսույթներին և գործողություններին, այդ թվում՝ նրանց միջազգային հարթակներում իրականացվող գործունեությանը։ Իրականում, այս հարցը ոչ թե քաղաքական, այլ Հայաստանի ազգային անվտանգության հարց է։

Եթե այսօր չդիմադրենք, ապա հաջորդ տարիներին դիմադրելը կդառնա աննախադեպ ավելի դժվար։ Ես համոզված եմ, որ իշխանությունները պատրաստ են կատարել ցանկացած զիջում՝ ներառյալ TRIPP-ի իրականացումը և այսպես կոչված, «անկլավներ» հանձնելը։ Իհարկե, հենց այս հարցի շուրջ է սկսվելու ամեն ինչ։

Այն պնդումը, որ եթե չխոսենք Արցախի մասին, ադրբեջանցիները կհրաժարվեն իրենց վերաբնակեցման գաղափարից, լուրջ սխալ է։ Հայերի և ադրբեջանցիների վերադարձի հարցերը չեն կարող հավասարեցվել։ Արցախցիների վերադարձի հարցը միջազգային իրավունքով ամրագրված է և ունի միջազգային հանրության լայն աջակցությունը։ Այս հարցի շուրջ կան միջազգային դատարանի որոշումներ, Եվրախորհրդարանի բանաձևեր և այլ միջազգային հայտարարություններ, որոնք հստակ ճանաչում են արցախցիների իրավունքը վերադառնալ իրենց հայրենիք։

Այս իրադրությունը պետք է դիտարկվի որպես լուրջ սպառնալիք և դարձվի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Եթե այս պրոցեսը չդադարեցվի, ապա Հայաստանը կարող է կորցնել իր ազգային ինքնությունը՝ դառնալով երկիր, որտեղ հայ ժողովուրդը կորցնի իր մեծամասնությունը։ Սկզբում կկորցվի Սյունիքը, հետո՝ Տիգրանաշենը և Տավուշը, և վերջում՝ ավելի կենտրոնական շրջանները։